Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Հայրենիքը անշարժ գույք չէ, որ դառնա առքուվաճառքի թեմա

Հայրենիքը անշարժ գույք չէ, որ դառնա առքուվաճառքի թեմա
22.08.2026 | 10:12

Հայրենիքի տարածքների հանձնումը տվյալ պահին այնտեղ ապրող բնակչության քվեարկությամբ արդարացնելը սեփական անզորության քողարկում է, ինչն ուղղակիորեն սպասարկում է թշնամու օրակարգը։

Ակնհայտ է, որ մենք գործ ունենք կոլաբորանտ իշխանության հետ, որը, սպասարկելով թշնամու օրակարգը, մեր Հայրենիքը հանել է սակարկման եւ վաճառքի։ Սակայն դրա դեմ պայքարում հանրային խոսույթ է ներմուծվել չափազանց վտանգավոր մի նառատիվ, որը թերեւս, ծնվել է սեփական անճարությունն արդարացնելու փորձերից։

Շատերը, պայքարելու ուժ չգտնելով, սկսել են շրջանառել այն թեզը, թե՝ «քանի որ տվյալ տարածքում ապրող բնակչության այսինչ տոկոսը ձայն է տվել այս իշխանությանը, ուրեմն այդպես էլ պետք է լինի»։

Սա ոչ պակաս վտանգավոր ձեւակերպում է, սա ինքնախաբեություն է և թշնամու օրակարգը լեգիտիմացնող կործանարար բանաձեւ։

Ցանկացած երկրի ժողովրդագրական պատկերը փոփոխական մեծություն է։ Այն կարող է փոխվել համաշխարհային կատակլիզմների, տարերային աղետների, աշխարհաքաղաքական տեղաշարժերի կամ միգրանտների հոսքի հետևանքով։ Ժողովրդագրական փոփոխությունները կարող են լինել ոչ միայն բնական կամ անվերահսկելի գործընթացներ, այլ նաեւ իշխանությունը զավթած խմբակի դիտավորյալ, ուղղորդված քաղաքականության արդյունք։ Ավելին, աշխարհաքաղաքական դաշտում այսօր մեզ պարտադրվում է նաև արևմտյան «բաց սահմանների» քաղաքականությունը, որի հետեւանքով երկիրն էմիգրանտներով կլցվի ու դեմոգրաֆիկ պատկերն արհեստականորեն կխեղաթյուրվի։

Եւ եթե մենք հիմա ազգային ու գլոբալ հարցերի, առավել ևս՝ Հայրենիքի պատկանելիության լուծումը թողնում ենք «տվյալ պահին, տվյալ տարածքում ապրող բնակչության» քվեին, ապա ստացվում է, որ մենք կործանարար ական ենք դնում մեր ապագայի տակ։ Վաղը, արհեստականորեն փոփոխված ժողովրդագրության պայմաններում, հայ ազգի կենսական շահերը կմղվեն տասներորդ պլան, քանի որ ֆիզիկապես դիմադրող այլևս չի լինի, իսկ ճակատագրական որոշումները կկայացվեն նոր ձևավորված «տեղային մեծամասնության» քվեով։

Պետք է հստակ արձանագրել. հարցի ճիշտն ու սխալը մեծամասնության կարծիքով չեն որոշվում։ Համազգային բարդագույն խնդիրները հաճախ հասանելի և ընկալելի չեն պարզ մեծամասնության համար։ Կան հաստատուն տվյալներ, ազգային կոնստանտներ, որոնք սակարկման ենթակա չեն։

Հաստատուն արժեքները երբեք չպետք է վերածվեն ժամանակավոր տրամադրությունների և «ես այսպես եմ պատկերացնում»-ի մակարդակի քննարկման նյութի։

Ոչ մի քաղաքական ուժ և ոչ մի սերունդ բարոյական կամ պատմական մանդատ չունի միանձնյա տնօրինելու այն, ինչն իրենից առաջ ստեղծվել ու պահպանվել է անթիվ սերունդների արյան ու զոհողությունների գնով։

Հայրենիքը անշարժ գույք չէ, որ դառնա առքուվաճառքի թեմա։ Այն պատկանում է նաև մինչև մեզ ապրած նախնիներին և մեզնից հետո եկող սերունդներին։ Սա պետք է «մեխել» հանրային գիտակցության մեջ և տեղնուտեղը խեղդել ազգային-պետական հարցերը զուտ տեղային ընտրական վիճակագրության վերածելու ցանկացած խոսույթ։

Հ.Գ.

Արժի, որ այս գրառումը հնարավորինս լայն տարածում ստանա եւ առավելագույս արագ կանխվի այդ վտանգավոր թեզի գործածումը:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 230

Մեկնաբանություններ